Աշխարհում ընթացող գլոբալ պրոցեսները, որոնք, առաջին հերթին, հզորների միջև գոյաբանական բնույթի մրցակցության արդյունք են, ճիշտ հասկանալու համար և, ընդհանրապես, մարդկանց գործունեությունը ճիշտ հասկանալու համար, նրանց գործողությունները, առաջին մոտավորությամբ, կարող են լինել չորս տեսակի՝ կախված նրանց նպատակների ու դրանց հասնելու մեթոդների ճիշտ ու սխալ լինելուց։
Այս իմաստով, մարդը կամ որևէ մասշտաբի մարդկային համակարգ կարող է հետապնդել՝
1․ ճիշտ նպատակ ճիշտ մեթոդներով,
2․ ճիշտ նպատակ սխալ մեթոդներով,
3․ սխալ նպատակ ճիշտ մեթոդներով,
4․ սխալ նպատակ սխալ մեթոդներով։
Բնական է նաև, որ իրական կյանքում մարդկանց գործունեությունը այս տարբերակների որևէ տեսակի խառնուրդ է։
Բացի դրանից, իրական կյանքում բոլոր մարդիկ ու բոլոր մարդկային համակարգերը ձգտում են իրենց կյանքի բարեհաջող հարատևման և դրա շարունակականության, որն էլ ուղեկցվում է ճիշտ ու սխալ քայլերի անվերջ շարանով։
Նպատակ ու սխալ ասածներն էլ կարող են լինել փոքր ու աննշանից մինչև շատ մեծ ու նշանակալից։
Օրինաչափ է նաև, որ մարդկային հասարակության կյանքում մեծ փոփոխությունները ծնում են մեծ նպատակներ, որոնք էլ, գոյաբանական բնույթի մեծ անորոշությունների պատճառով, ծնում են մեծ ու շատ լուրջ հետևանքներ ունեցող սխալներ. այստեղից էլ այն հայտնի խոսքը, որ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։
Իսկ մեր աչքերի առաջ աշխարհում տեղի ունեցող տեկտոնական բնույթի ուժային տեղաշարժերն ու դրանց ուղեկցող մեծ անորոշություններնն էլ ցույց են տալիս, թե իրական կյանքում ինչքան բարդ ու ռիսկային կարող է լինել մեծ փոփոխության ու նրա ծնած անորոշությունների, իրարամերժ նպատակների, իներցիոն մտածելակերպի պատճառով դրանց իրականացման ընթացքում կատարվող մասշտաբային սխալների կոմբինացիան։
Ներկայում, գտնվելով նման գոյաբանական բարձր ռիսկային պայմաններում, մարդկության առաջին խնդիրն է բոլոր միջոցներով խուսափել գլոբալ հակամարտության հետագա էսկալացիայից և, հատկապես, մեծ սխալի հետևանք ոչ միտումնավոր էսկալացիայից։
Այստեղ էլ կարևոր է այն հանգամանքը, որ շատ դժվար է իրարից տարբերել միտումնավոր ու ոչ միտումնավոր էսկալացիաները, քանի որ դեռ կան եզակի համոզվածներ, որ նույնիսկ ապոկալիպսիսի կամ գլոբալ միջուկային աղետի ժամանակ կարող են լինել փրկվողներ, և դրանք էլ հենց իրենք են լինելու։
Այս հարցում նոր-նոր ասպարեզ մտնող արհեստական բանականություն կոչեցյալներն էլ կրակին ոչ թե յուղ, այլ բենզին լցնելու մեծ պոտենցիալ ունեն։
Իսկ ռիսկերի մասին գիտությունն էլ ասում է, որ տարբեր բնույթի ռիսկերի կոմբինացիան, որոնք առանձին-առանձին արդեն ունեն կատաստրոֆիկ բնույթ, կարող է մեծ հավանականությամբ դառնալ գլոբալ աղետի պատճառ։
Այսինքն, ասվածը սովորական մարդկային լեզվով նշանակում է, որ արհեստական բանականության տված խորհուրդներին հավատացող պատասխանատու որոշումներ կայացնող մարդիկ ինչ-որ հավանականությամբ կարող են սեղմել ատոմային զենքի կոճակը, և դա էլ այն դեպքում, երբ, մարդկանց նման, արհեստական բանականությունն էլ է սխալական։
Պավել Բարսեղյան